ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Լիդեր չեն դառնում, ծնվում են»

«Լիդեր չեն դառնում, ծնվում են»
12.12.2008 | 00:00

«ՀԺԱՄ-Ը ԵՐԲԵՎԷ ԻՇԽԱՆԱՄԵՏ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ ԵՎ ՉԷ»
Արագ ու հիմնավորապես 2008-ն էլ ենք գլորում դեպի անսահմանություն: Վերին ոլորտները մի կողմ թողած` իջնենք քաղաքական «գետնին» վրա ու հարցնենք, զորօրինակ, ՀԺԱՄ վարչության անդամ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ, թե իրենց համար անցնող տարին ինչո՞վ առանձնացավ մյուս տարիներից:
-Տարին յուրահատուկ էր նախևառաջ նրանով, որ նախագահական ընտրություններում ՀԺԱՄ-ը հանդես եկավ նախագահի իր թեկնածուով` սատարելով Սերժ Սարգսյանին,- ասաց Վահրամ Մկրտչյանը:- Յուրահատուկ էր նաև նրանով, որ լուրջ փոփոխություն արձանագրվեց մեր ներկուսակցական կյանքում, հրաժարական ներկայացրեց կուսակցության հիմնադիր նախագահ Սեյրան Ավագյանը, և վարչությունն էլ որոշեց, որ այսուհետ որդեգրելու ենք կոլեգիալ կառավարման համակարգը:
-Այնուամենայնիվ, դժվար չէ՞ լինել «անգլուխ» կուսակցություն:
-Առաջին հայացքից է միայն թվում, թե կուսակցությունը, ինչպես ասացիք, «անգլուխ» է, բայց մենք, բնականաբար, կընտրենք վարչությունից մի «գլուխ» և կհանձնարարենք նրան կոորդինացիոն գործունեություն իրականացնել: Ինչո՞ւ ենք որդեգրել այս մեթոդը: Որդեգրել ենք հիմնականում հետևյալ պատճառով. մենք համոզված ենք, որ հայ ժողովրդի ազգային գաղափարախոսության մեջ հայեցակարգային փոփոխություն պետք է տեղի ունենա, և քաղաքական մրցակցությունն էլ, ինչը դրսից ներմուծված արևմտյան արժեհամակարգի դրսևորում է, վերածվի համագործակցության: Եթե այս մոտեցումը կարողանանք դարձնել համազգային գերիշխող մտածողություն, կարծում ենք` դա արդեն լուրջ ձեռքբերում կլինի:
-Ձեր «տառապանքը», ինչպես ասում են, դառը փորձ ունի` սկսած դեռ անցած դարի 90-ականներից, երբ Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ-ի երիտասարդ էնտուզիաստներից էիք: Ինչո՞ւ Ձեր ասած համագործակցությունն այն ժամանակ չստացվեց և չստացվեց, ընդ որում, առանձին վերցրած մեկ կուսակցության` ԱԺՄ-ի ներսում, ինչն էլ պատճառ դարձավ բոլորիս հայտնի «մեծ տրոհումի»:
-Նախ` ԱԺՄ-ին անդրադառնամ: Այո, հանրաճանաչ հինգ գործիչներ կային կուսակցությունում, ովքեր հայ իրականության մեջ` յուրաքանչյուրը յուրովի, անառարկելի հեղինակություն էին: Ավելի ուշ, երբ տարանջատումներ եղան, քննարկման նյութը զուտ քաղաքական էր: Կար թև, որը ՀԺԱՄ-ի կորիզն էր, փաստորեն, և որը պնդում էր, թե մենք պետք է իշխանությունների հետ համագործակցելով ճանապարհ անցնենք: Կար թև, որն էլ պնդում էր, թե ԱԺՄ-ն պետք է շարունակի մնալ արմատական ընդդիմություն (Վազգեն Մանուկյան և ուրիշներ): Ինչո՞ւ էր մեր թևը համոզված, որ ճիշտը համագործակցության ճանապարհն է: Որովհետև մենք մինչ այդ երկարատև ու լուրջ պայքար էինք մղել ՀՀՇ-ի ու նրա վարչակազմի դեմ, և այդ վարչակազմը, ըստ էության, 98-ին այլևս չկար: Նույն այդ ժամանակահատվածում ԱԺՄ-ի գործող լիդերներից մեկը` Դավիթ Վարդանյանը, նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերահսկողական ծառայության պետն էր, ավելի ուշ նշանակվեց պետական գույքի կառավարման նախարար: Այսինքն, դե ֆակտո մենք արդեն իսկ համագործակցում էինք իշխանությունների հետ, պետք էր ընդամենն այդ համագործակցությունը ձևակերպել նաև դե յուրե: Մենք դա ուզում էինք անել ամբողջ թիմի մակարդակով, ինչը, ցավոք, չհաջողվեց, և տրոհումը դարձավ անխուսափելի:
-Այ, Դուք ասում եք, թե մտադիր եք, այնուամենայնիվ, ՀԺԱՄ վարչության անդամներից մեկին դարձնել կոորդինատոր: Մտավախություն չունե՞ք, որ ժամանակներ անց այդ մեկը ևս «լիդերամանիայով» կվարակվի, և կուսակցության ներսում տեղի կունենա «դարձ ի շրջանս յուր»: Կար և չկա այլևս կոլեգիալ կառավարում: Կա հստակ ընդգծված լիդեր` հստակ արտոնություններով:
-Լիդեր, կարծում եմ, չեն դառնում, ծնվում են: Եթե մենք մեր ներսում այսօր չունենք այդ լիդերը, նա այդպիսին երբեք էլ չի դառնա: Իսկ եթե սեփական գործունեությամբ մեզնից որևէ մեկը կարողանա առանձնանալ մյուսներից և առաջ գնալ, մենք ունենք դաշնակցության օրինակը: Եթե այդ մեկն իրեն պարկեշտ չի պահի, չի մնա թիմին, ազգային շահերին նվիրված, ոտքը մի փոքր կձգենք, կկարճացնենք (գլուխը` չէ), և նա հետ կգա իր տեղը: Փոխարենը մեկ ուրիշն առաջ կգնա:
-Կարո՞ղ եք անկեղծ պատասխանել հարցին, որ հիմա կտամ:
-Իհարկե:
-Դուք լիդե՞ր եք ծնվել: Կամ ավելի համեստ ձևակերպեմ հարցս: Ձեր գենի մեջ լիդերի հատկանիշներ կա՞ն, որոնք, Աստված մի արասցե, պետության համար ճակատագրական մի պահի հանկարծ կարթնանան ու կստիպեն Ձեզ Դանկոյի նման առաջնորդել կուսակցությունը` պատասխանատվություն կրելով յուրաքանչյուր կայացված որոշման համար:
-Միանգամից ասեմ, որ կուսակցության լիդեր լինելու հավակնություններ բնավ չունեմ, և կոլեգիալ կառավարման այն համակարգը, ինչը մենք ընտրել ենք, բացառում է հենց «լիդերամանիան»: Նա, ով կտառապի այս «հիվանդությամբ», անհապաղ կհեռացվի թիմից: Ինչ վերաբերում է, այսպես կոչված, դանկոյական դրսևորումներին, ավելորդ չեմ համարում այս պահին հիշողությունս քրքրել ու մի հպանցիկ դրվագ ներկայացնել ոչ վաղ անցյալից: 95-ի ԱԺ ընտրություններից հետո, հիշում եք, ԱԺՄ ֆրակցիան բոյկոտել էր խորհրդարանական աշխատանքները, իսկ կուսակցությունն էլ դրսում ցույցեր էր անում` պահանջելով Տեր-Պետրոսյանի հրաժարականը։ Մեր կուսակցությունից երկու հոգի էինք` ես և Ատոմ Սիմոնյանը, որ մտանք Վազգեն Մանուկյանի մոտ և ասացինք. «Եթե մենք նախագահական նստավայրի դիմաց ինքնահրկիզվենք` սա կսթափեցնի՞ այսօրվա հանցավոր վարչախմբին»...
-Ե՞վ...
-Եվ Մանուկյանն ասաց. «Դուք քաղաքականապես դեռ շատ խակ եք, և ձեզ նման ազնիվ երիտասարդների կյանքն էլ շատ ավելի թանկ է, քան Լևոնի հրաժարականը»։
-Եթե Վազգեն Մանուկյանը նման բան չասեր` իրո՞ք ինքնահրկիզվելու էիք։
-Այդ պահին` այո։ Թեև այսօր էլ ինքնազոհողության գնալու պատրաստ մարդ եմ։
-Այսօ՞ր ինչը կմղեր Ձեզ հուսահատ, խելագար քայլի։
-Գիտե՞ք, արդեն բավականին հասունացել եմ քաղաքականության մեջ` նման պատանեկան խենթ ծայրահեղությունների դիմելու համար։ Ցանկացած քաղաքական որոշման թիկունքում պետք է ունենաս ուժ` համարժեք արդյունքի հասնելու համար։ Ինքնահրկիզում կոչվածն էլ ինքնին պարտվողական քաղաքականության դրսևորում է, ինչը ես չեմ ընդունում։ Փոխարենն ընդունում եմ, որ 96-ին, իհարկե, բավականին խակ էի քաղաքականապես։ Ինչ վերաբերում է զոհողություններին, ապա եթե Հայաստանի քաղաքական դաշտի առողջացման, թարմացման համար մեր թիմն ինչ-որ բան պիտի զոհի, մենք պատրաստ ենք դրան։
-Այն թիմը, որ նախագահի ընտրություններում պաշտպանում է իշխանության ներկայացուցչին (ՀԺԱՄ-ի պարագայում` Սերժ Սարգսյանին), ուզի թե չուզի, ձեռք է բերում իշխանամետ կուսակցության համբավ։ Իսկ իշխանամետների նկատմամբ հայ հանրությունն «ավանդաբար» կա՛մ զգուշավոր, կա՛մ ոչ դրական վերաբերմունք ունի։ Սա Ձեզ մտածելու տեղիք չի՞ տալիս։
-Ցավոք, մեր քաղաքական դաշտը շարունակում է մնալ «սևի» ու «սպիտակի» հարթության մեջ։ Ի սկզբանե այդպես չի եղել, և ոչ մի երկրում այդպես չէ։ Ծիածանը յոթ գույն ունի, որոնք իրենց հերթին բազմապիսի երանգներ ունեն։ Այսինքն, գունային գամման շատ բազմազան է, այդ թվում` քաղաքականության մեջ։ Ինչ վերաբերում է ՀԺԱՄ-ին, այն երբևէ իշխանամետ կուսակցություն չի եղել և չէ, չի եղել և չէ՛ նաև արմատական ընդդիմություն։ Ընդունենք, թե չընդունենք այդ «կենտրոն» բառը, սիրենք, թե չսիրենք, փաստը մնում է մեկը. ՀԺԱՄ-ը ցանկացած երևույթի նայում է պետական գերակա շահի և ազգային անվտանգության տեսանկյունից։
Զրուցեց Լիլի ՄԱՐՏՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 3356

Մեկնաբանություններ